National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.03.2015
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

Մարտի 23-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Քարակերտի համար 1 եւ  2 դպրոցների մանկավարժներին եւ աշակերտներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը:

Այնուհետեւ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածից, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ:

Խորհրդարանը չի ընդունել Զարուհի Փոստանջյանի հեղինակած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը:

Քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

Պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո սկսել են քննարկել ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Մելիքյանի եւ Արագած Ախոյանի հեղինակած «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հայտարարության նախագծի մշակմանը մասնակցել են ԱԺ 6 խմբակցությունների պատգամավորներ, անկախ պատգամավորներ, ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչներ, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ եւ սփյուռքի ներկայացուցիչներ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախագծի մշակման գործում մեծ է եղել երջանկահիշատակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ներդրումը:

Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: «Հայտարարության նախագծի ընդունումը կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հարակից ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը: Նրա գնահատմամբ՝ ԱԺ հայտարարության նախագիծը քաղաքական փաստաթուղթ է, որով Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր վերաբերմունքն է արտահայտում ցեղասպանությունների վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա հայ ժողովրդի բարոյական պարտքն է՝ լինելու բարեկամ ժողովուրդների կողքին, կիսելու նրանց ցավը եւ նաեւ՝ սատարելու: Պարոն Թորոսյանը կարեւորել է այն հանգամանքը, որ փաստաթղթում արձանագրված է հայրենազրկման փաստը: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Գուրգեն Արսենյանը նշել է, որ դատապարտում է մարդկանց հանդեպ իրականացված նման երեւույթները: Նրա գնահատմամբ՝ փաստաթուղթը պետք է արտահայտի այդ հարցում բոլորի վերաբերմունքը: Հովհաննես Մարգարյանը հայտարարության նախագիծը եւ բարոյական, եւ քաղաքական տեսանկյունից համարել է կարեւոր՝ նշելով, որ անտարբերությունը կարող է ցեղասպանությունների շարունակականության պատճառ լինել: Հայկ Բաբուխանյանն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան մինչ օրս շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը եւ առաջարկել է հեղինակներին հայտարարության մեջ արձանագրել դա: Էդմոն Մարուքյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մինչ օրս տեղի ունեցած ցեղասպանությունները դատապարտելու առումով: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել: Թեւան Պողոսյանը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից ասորիների եւ հույների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ցեղասպանությունների ճանաչման գործընթացին, ներկայացրել իր նկատառումներն ու առաջարկները: Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հայտարարության նախագիծն ուղղված չէ ժամանակակից Թուրքիայի դեմ, ընդհակառակը՝ այն միտված է օգնելու ժամանակակից Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմության հետ:

Պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր ելույթում կարեւորել է ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ նաեւ դրանց կրկնության կանխարգելման տեսանկյունից: Նա անհրաժեշտ է համարել ցեղասպանությունների դատապարտման գործընթացի շարունակականությունն աշխարհում: Արտակ Զաքարյանը եւս կարեւորել է ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ 20-րդ դարի սկզբին եւ հետագա տարիներին ցեղասպանության զոհ է դարձել 13,5 միլիոն մարդ տարբեր երկրներում: Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ԱԺ հայտարարության նախագծին, նշել է, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչվեր օրենքով, ոչ թե ԱԺ հայտարարությամբ: Ըստ նրա՝ այդ պարագայում նկատելի կլիներ իշխանության մյուս թեւերի դիրքորոշումը: Արտաշես Գեղամյանը ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի ներկայացումը, կարեւորել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում անհրաժեշտ է համարել Օսմանյան կայսրությունում ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտումը ԱԺ հայտարարությամբ: Խոսրով Հարությունյանը եւս ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը, անդրադարձել հայ-թուրքական արձանագրություններին եւ տարածաշրջանային խնդիրներին: Ըստ նրա՝ ԱԺ հայտարարության ընդունումն իր լուման կներդնի ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման գործընթացում:

ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները  

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ցեղասպանությունների ճանաչման գործընթացին, կարեւորել ցեղասպանության ենթարկված եւ տեղահանված ազգերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Նա առաջարկել է այդ նպատակով ստեղծել մի մարմին, որը կզբաղվի այդ հարցերով, եւ համոզմունք է հայտնել, որ միասնական գործելու պարագայում արդյունքներն առավել շոշափելի կլինեն: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ժառանգություն»-ը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առանձնահատուկ նշանակություն է ստանում: Կարեւորելով ոճրագործությունների դատապարտումը՝ նա անհրաժեշտ է համարել ժխտողականության դեմ ընդհանուր պայքարը: Ըստ նրա՝ հանցագործության պարտակումը միտում ունի խուսափելու ցեղասպանությունների կանխարգելումից:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա իրազեկել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ առավել նպատակահարմար կլիներ, եթե խորհրդարանն իր վերաբերմունքն արտահայտեր օրենքով: Նա եւս նկատել է, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ցեղասպանություններ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ողջունել է ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը՝ նշելով, որ այն քննարկման է ներկայացվել ճիշտ ժամանակին: Նա անդրադարձել է նաեւ գործընկերների ելույթներին, նպատակահարմար համարել ԱԺ հայտարարության վերնագրից տարեթվերը հանելու առաջարկը, որի հետ եզրափակիչ ելույթում համաձայնել է նաեւ ԱԺ հայտարարության հիմանական զեկուցող Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ հայտարարության նախագծին:

Եզրափակիչ ելույթում նախագծի համահեղինակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է գործընկերների դիտարկումներին եւ առաջարկներին, ներկայացրել պարզաբանումներ:

Խորհրդարանն իր աշխատանքը կշարունակի մարտի 24-ին:



21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մայիսի 21-ին` ժամը 14:00-ին, 314 դահլիճում: ...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am